ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

«Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն`  չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»
11.06.2013 | 11:18

ՏԿԱՐԱՑԱԾ ՈԳՈՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԴԱՆԴԱՂ ՄԱՀՎԱՆ
Երկրագնդի մարդկությունը կենդանի ամբողջություն է, կենդանի ֆունկցիոնալ համակարգ: Կենդանի ֆունկցիոնալ համակարգը կենսաբանական հասկացություն է: Դա տարաբնույթ գոյացությունների փոխկապակցված ամբողջությունն է: Օրինակ, գլխուղեղային համախմբող կենտրոնական մեխանիզմով միավորված կենդանի ֆունկցիոնալ համակարգը տարբեր բջիջների, հյուսվածքների, օրգանների ամբողջությունն է, որն ապահովում է համակարգի ամբողջական գործունեությունը: Այդ համակարգի բոլոր բաղադրատարրերը փոխկապակցված են, իսկ դրանց գործունեությունը` փոխպայմանավորված: Դա ֆունկցիոնալ համակարգի կարևոր պայմանն է: Յուրաքանչյուր ֆունկցիոնալ համակարգ իրականացնում է որոշակի գործառույթ: Մարդկությունը տարբեր ազգերից կազմված բարդ կենդանի կառույց է, որտեղ նույնպես ամեն ինչ փոխկապակցված է: Այդ համակարգի գործունեությունը կարգավորվում է Երկրագնդի բանականության ոլորտի կողմից, որի գիտական անվանումը նոոսֆերա է (հուն. noesis` բանականություն): Այդ ոլորտի գոյության մասին խոսել են և շարունակում են խոսել շատ նշանավոր գիտնականներ, որոնց անունների թվարկումը քիչ բան կարող է հուշել: Միայն հարկ է նշել, որ նոոսֆերայի մասին տեսության հեղինակը ռուս գիտնական Վ. Վերնադսկին է: Այդ ֆունկցիոնալ համակարգի գործունեությունը նպատակաուղղված է զարգացնելու ժամանակակից քաղաքակրթությունը: Յուրաքանչյուր ազգ իր ներդրումն է (մեծ կամ փոքր) ունենում այդ գլոբալ գործընթացում` անկախ այն բանից` գիտակցո՞ւմ է դա, թե՞ ոչ: Այդ առաքելությունը ազգերն իրականացնում են իրենց ազգային ներուժին, գենետիկական առանձնահատկություններին, հոգեկերտվածքին համապատասխան: Այդ գործընթացների համաձայնեցված ընթացքն ապահովելու համար գլոբալ նոոսֆերայում, այն է` երկրագնդի բանականության ոլորտում, յուրաքանչյուր ազգ ունի իր հատվածը, իր նոոսֆերան: Նոոսֆերան հզոր էներգատեղեկատվական դաշտ է, որտեղ կուտակված է տվյալ ազգի հոգևոր-մշակութային ժառանգությունը: Այստեղ է կուտակված տեղեկատվությունը ազգի դարերով մշակված ավանդույթների, գրի ու գրականության, երաժշտության, լեզվի, հավատի և հոգևոր այլ արժեքների մասին: Էներգիական այդ դաշտը կենդանի գոյացություն է և անընդհատ սնուցվելու կարիք ունի: Որքան այդ դաշտը հզոր է, այնքան ազգն ավելի ապահով կարող է լինել իր ապագայի համար: «Մեկ ազգ, մեկ հավատ, մեկ մշակույթ» կարգախոսը հենց այդ նպատակին է ուղղված` ամուր ու ապահով պահել այդ դաշտը: Ազգի մեծերն այդ դաշտն անվանում են ազգային ոգի: Եթե ուժեղ է ազգի ոգին, ազգը կարող է հաղթահարել նյութական աշխարհի շատ դժվարություններ, համեմատաբար հեշտությամբ լուծել ազգի առջև ծառացած մեծ ու փոքր խնդիրները: Տկարացած ոգով ժողովուրդը դատապարտված է դանդաղ մահվան: Պատմության թատերաբեմից որքա՜ն ազգեր են անհետացել:
«Ոգին է կռում ազգերի ճակատագիրը: …Հզոր և անպարտելի էին հին Հելլադան, Սպարտան, Հռոմը: Բայց երբ մի օր հույնի ու հռոմեացու մեջ տկարացավ… ոգին, երբ այդ առնական ու խրոխտ ժողովուրդները մեղկացան, ճոխության ու քնքշանքի մեջ ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ»,- գրում է Գարեգին Նժդեհը:
Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը ազգային հզոր ոգու դրսևորումների դաս է: Հայ ժողովրդի բնաջնջման անցյալ դարասկզբի օսմանյան հրեշավոր ծրագիրը չիրականացավ, որովհետև ուժեղ էր ազգային ոգին, որը սնուցվում էր ազգի նվիրյալների հայրենասիրության հզոր զգացումով: Ի դեպ, կյանքի հոգևոր ոլորտն ուսումնասիրողները պնդում են, որ ժողովրդի հայրենասիրությունը ազգային ոգին կենսունակ պահող հզորագույն գործոն է: Հայը և Հայաստանը շարունակեցին ապրել նաև այն պատճառով, որ Աստված հայի հետ կապված ծրագիր ունի, այսինքն` հայը Աստծո ազգ է, որ հայը այս քաղաքակրթության մեջ դեռ ասելիք և անելիք ունի: Կասկածից վեր է, որ կան արտաքին ուժեր, որոնք աշխատում են խափանել այդ ծրագիրը` առաջին հերթին փորձելով քայքայել, խաթարել այս ժողովրդի ուղեղը` նոոսֆերան: Ինչպե՞ս: Ստիպել մարդկանց հրաժարվելու իրենց հոգևոր-մշակութային արմատներից, մոռանալու իրենց անցյալը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն ենք. պարում ենք օտար պարեր, երգում ենք օտար երգեր, բացում ենք օտարալեզու դպրոցներ, ներմուծում ենք եվրաարժեքներ (որոնք մեզ համար չարժեքներ են), բազմաթիվ աղանդներ էլ իրենց քարոզն են անում` հեռացնելով մարդկանց իրենց հավատից: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. երիտասարդության մեծ մասը կտրված է ազգային արմատներից: Վտանգված է հայի տեսակը: Գլոբալացման ծրագրի գլխավոր նպատակը հենց դա է` ազգերին զրկել իրենց ուրույն նկարագրից, շեղել իրենց պատմական առաքելության ուղուց, ինչը շատ վտանգավոր է։ Իսկ վտանգն այդ նոր չէ: Դա փոքրաթիվ ազգերի գլխին մշտապես կախված դամոկլյան սուր է: Պատմությունից հայտնի է, երբ թշնամին նպատակ է ունեցել թուլացնելու մեր երկիրը, իր հարվածն ուղղել է մեր ազգային ինքնության հենասյուներին` մեր պետությանը, մեր եկեղեցուն ու մեր լեզվին:
ԱԶԳԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿ Է
Վերջին 20-25 տարում գիտնականներն ահռելի աշխատանք կատարեցին ապացուցելու համար, որ ազգը կենսաբանական տեսակ է: Պարզվում է, որ մարդու գենոտիպում RH1 գենն ունի իր հաճախականությունը, որը տարբեր ազգերի մոտ տարբեր է: Ճիշտ է, ժամանակի ընթացքում գեների որոշ որակներ սկսում են տարբեր դրսևորումներ ստանալ, բայց լեզվի պահպանման դեպքում նրանց հիմնական պարունակությունը մնում է անփոփոխ: Հետևաբար ազգային տեսակ ասելով նախ և առաջ հասկանում ենք նրա լեզուն:
1913 թ. Պոլսում լույս տեսնող «Ազատամարտ» պարբերականում Կոմիտասը գրում է. «Խեղճ հայ ժողովուրդ. ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները. այդ ոչ ոք կարող է հերքել: ՈՒնիս հատուկ լեզու, կը խոսիս: ՈՒնիս հատուկ ուղեղ, կը դատես: ՈՒնիս հատուկ մարդաբանական կազմ, որով կը զատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն: Սակայն սիրտդ, որ զգացմանցդ աղբյուրն է, քուկդ չէ եղել, այլ մի ինչ-որ ասորա-բյուզանդական և հնդկա-պարսկական է եղել»: Չգերադասելով հային այլ ազգերից` Կոմիտասը, այդուհանդերձ, նշում է մեր ազգի յուրահատուկ տեսակը: Անկասկած, նույնը իրենց մասին կարող են ասել նաև մյուս ազգերը: Յուրաքանչյուր մեծաթիվ կամ փոքրաթիվ ազգ նոոսֆերայում ներկայացված է իր ուրույն հոգևոր նկարագրով` հավատով, մշակույթով, ավանդույթներով, երաժշտությամբ, պարով, գիր ու գրականությամբ, լեզվամտածողությամբ: Յուրաքանչյուր ազգ քաղաքակրթության զարգացման գործում իր դերը, տիեզերական իր առաքելությունը կարող է իրականացնել միայն հավատարիմ մնալով իր պատմական արմատներին, հոգևոր ավանդույթներին և, որ ամենակարևորն է, դա կարող է անել միայն իր հայրենի հողում` Հայրենիքում, որովհետև ազգը իր հողի, ջրի, օդի, բնության, բուսականության հետ կազմում է կենդանի ֆունկցիոնալ համակարգ, որի ամբողջականության պահպանման երաշխավորը նրա նոոսֆերան է: Եթե վերջինս քայքայված է վերոհիշյալ պատճառներով, ապա ազգը նմանվում է ցրված կարծրախտով (սկլերոզով) հիվանդ մարդու, որը կորցրել է իր «ես»-ը, չի հիշում իր ով լինելը, կորցրել է անցյալի ու ներկայի կապը, ինչն անդառնալի կորուստ է: Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ազգային լեզուն: Համոզված կարելի է ասել` ուղղակի կապ:
Ֆրանսիացի գրող-հրապարակախոս Ժան դը Օրմեսոնը գրում է. «Եթե մենք չպայքարենք մեր մշակույթի յուրահատուկ ձևերի, մեր լեզվի համար գոնե մեր երկրում, ապա կամերիկանացվենք: Եվ դա մեզ իրապես սպառնում է… Որպեսզի աշխարհում չտարածվի ինչ-որ անորոշ մարդկային զանգված, անհրաժեշտ է հարգել ու պահպանել յուրաքանչյուր ազգի ինքնատիպությունն ու անկախությունը»:
Ռուս հայտնի մանկավարժ Կ. ՈՒշինսկին գրում է. «Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա ամեն բան կարող է վերադարձնել. սակայն խլեցեք լեզուն, և նա այլևս լեզու չի ստեղծի, կարող է նույնիսկ նոր հայրենիք ստեղծել, բայց լեզու` երբե՛ք. մեռավ լեզուն ժողովրդի շուրթերում, կմեռնի և ժողովուրդը»: Այս միտքը մինչև 20-րդ դարի 90-ական թվականները կարող էր չափազանցություն համարվել: Հիմա դա ունի իր գիտական բացատրությունը: Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցում են լեզվի ազդեցությունը մարդու լեզվամտածողության և գեների վրա, ինչն էլ կանխորոշում է ազգի տեսակն ու նրա զարգացումը:
(շարունակելի)


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների
թեկնածու,
ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, դոցենտ

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ